Նորություններ

Վերադառնալ
10.11.2017

ՀՀ ոստիկանության պատմության թանգարանը 40 տարեկան է

ՀՀ ոստիկանության պատմության թանգարանը  40 տարեկան է

ՀՀ ոստիկանության պատմության թանգարանը 1977 թվականի նոյեմբերի 10-ին Երևանի միլիցիայի միջնակարգ մասնագիտական դպրոցի տարածքում բացված Հայկական Հանրապետության ներքին գործերի մինիստրության մարտական և աշխատանքային փառքի թանգարանի իրավահաջորդն է:

Թանգարանի ստեղծվելուց ի վեր շուրջ 17 տարի թանգարանի պետ, պաշտոնաթող գնդապետ Է. Մնացականյանը մեծ ծավալի աշխատանքներ է իրականացրել հայկական միլիցիայի պատմության սրբագրման և պահպանման ուղղությամբ: 1994թ. թանգարանը տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ Ուսումնական կենտրոն: Ոստիկանության կրթահամալիր կազմավորվելու կապակցությամբ 2011թ. օգոստոսին ՀՀ ոստիկանության պետի հրամանի համաձայն թանգարանը վերանվանվեց «ՀՀ ոստիկանության պատմության թանգարանի» և տեղափոխվեց իր նախկին տեղը` ՀՀ ոստիկանության կրթահամալիր:

Հայկական ՍՍՀ Կուլտուրայի մինիստրության 1984 թվականի հուլիսի 24-ի թիվ 375 հրամանով թանգարանին շնորհվել է «Ժողովրդական թանգարան» պատվավոր կոչում, իսկ 1986 թվականին նշված մինիստրության կողմից մշակույթի արժեքները հավաքելու, պահպանելու և պրոպագանդելու գործում ունեցած ակնառու հաջողությունների համար պարգևատրվել է պատվոգրով:

         Թանգարանը բաղկացած է 6 բաժնից.

         1-ին բաժինը վերաբերում է Հայաստանի հնագույն պատմությանը` սկսած Արշակ 2-րդ թագավորի ժամանակաշրջանից (367թ.):

2-րդ բաժինը նվիրված է Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միավորելու ժամանակաշրջանին` 1828-1917 թթ.:

         3-ը` Հայաստանի Առաջին Հանրապետության ժամանակաշրջանին` 1918-1920 թթ.:

         4-րդ բաժինը լուսաբանում է Խորհրդային ժամանակաշրջանի 1920-1940 թթ.:

5-րդ բաժինը լուսաբանում է 1941-1945 թթ. Հայրենական Մեծ պատերազմի ընթացքում միլիցիայի աշխատակիցների մասնակցության փառավոր էջերը:

         6-րդ բաժինը նվիրված է 1960 թվականից մինչ օրս Սովետական Հայաստանի միլիցիայի և ՀՀ ոստիկանության գործունեությանը:

         Թանգարանում ներկայացված են նաև Արցախյան հերոսամարտում ՀՀ ոստիկանության աշխատակիցների սխրագործությունների մասին նյութեր, ինչպես նաև օրինապահների սպառազինության և հատուկ միջոցների օրինակներ (27 միավոր հրազեն):

         2015թ-ին աշխատանքները վերսկսելուց հետո թանգարան են այցելել շուրջ 1500 հյուրեր /այդ թվում այլ պետություններից/:

         Մենք պահպանում ենք մեր պատմությունը և հիշում անցած ճանապարհը ու վստահ նայում դեպի ապագա: