ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՎԱՐԴԻԱՅԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆԸ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ՊՈՐՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄԻ և ՊՐԱԿՏԻԿ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ԵՄ իրավապահ մարմինների վերապատրաստման գործակալության (CEPOL) «Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վերապատրաստում և գործառնական համագործակցություն» (TOPCOP) ծրագրի աջակցությամբ և ֆինանսավորմամբ դեկտեմբերի 2-ից 6-ը ՆԳՆ կրթահամալիրում անցկացվեց «Ոստիկանության կողմից ուժի կիրառումը և մարդու իրավունքների խախտումները» խորագրով 5-օրյա վերապատրաստման դասընթաց։ Մասնակցում էին ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերի ծառայողները, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի, ՀՀ գլխավոր դատախազության աշխատակիցները, ինչպես նաև Կրթահամալիրի ծառայողներն ու պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները։
Բացման խոսքով հանդես եկավ ՆԳՆ կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մանուկ Մուրադյանը։ Բարձր գնահատելով TOPCOP ծրագրի հետ համագործակցության արդյունավետությունը` նա իր երախտագիտությունը հայտնեց միջազգային գործընկերներին՝ դասընթացի անցկացման վերաբերյալ արագ համաձայնության գալու համար։ Մանուկ Մուրադյանն ընդգծեց ազգային գվարդիայի ձևավորման համատեքստում դասընթացի կարևորությունը և հույս հայտնեց, որ այդ գործընթացը շարունակական կլինի։
Ելույթով հանդես եկավ նաև ԵՄ իրավապահ մարմինների վերապատրաստման գործակալության միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդրու Նիկուլիտան։
Դասընթացը հագեցած էր և՛ տեսական բովանդակությամբ, և՛ բազմաթիվ գործնական վարժություններով ու խմբային առաջադրանքներով։ Հավաքների, ցույցերի, զանգվածային անկարգությունների վերաբերյալ տարբեր տեսանյութերի շուրջ ծավալվում էին ակտիվ քննարկումներ։ Մանրամասնորեն վերլուծվում էր յուրաքանչյուր տեսարան՝ սկսած մարտավարության մշակումից, վերջացրած ոստիանության միջամտության իրավաչափությամբ։ Դասընթացի բոլոր հինգ օրերն էլ աչքի են ընկել մասնակիցների բարձր ակտիվությամբ։
Դասընթացի ավարտին մասնակիցներին հանձնվեցին մասնակցության հավաստագրեր։
Դասընթացն անցկացրին ոստիկանության համակարգում և դասավանդման ոլորտում երկարամյա փորձ ունեցող միջազգային փորձագետներ Ավստրիայից, Գերմանիայից, Իռլանդիայից և Սլովենիայից։
Գերհարդ Հաբերլեր – Ավստրիայի ներքին գործերի դաշնային նախարարության ոստիկանության ակադեմիայի աշխատակից՝ ոստիկանության համակարգում 40 տարվա փորձառությամբ։ Վերջինս նաև ԵՄ իրավապահ մարմինների վերապատրաստման գործակալության՝ հիմնարար իրավունքների գծով փորձագետների խմբի անդամ է։ Նա բազմաթիվ դասախոսություններով է հանդես եկել մարդու իրավունքերի համատեքստում համաչափ ուժի կիրառման, բազմազանության, ատելության խոսքի, հաղորդակցման, հակամարտությունների լուծման և այլ թեմաների վերաբերյալ։
Քիլիան Բլեյք – Իռլանդիայի ազգային ոստիկանության և անվտանգության ծառայության աշխատակից՝ 20 տարվա փորձառությամբ, որից 10 տարին ծառայել է ոստիկանության հատուկ միջամտության ստորաբաժանումում։ Նա «Ուժի կիրառում և հիմնարար իրավունքներ» է դասախոսում Իռլանդիայի Լիմերիկի համալսարանում: Բազմաթիվ դասընթացներ է անցկացրել ուժի անհատական կիրառման և մարդու իրավունքների և դրա իրավական հետևանքների վերաբերյալ: Վերջինս նաև ոստիկանության ղեկավար կազմի համար դասընթացներ է անցկացնում բարձր ռիսկային գործողությունների ժամանակ մարդու իրավունքներին միջամտության սահմանների վերաբերյալ։
Ֆրանկ Վիրտիչ - Սլովենիայի ոստիկանության աշխատակից՝ ավելի քան 30 տարվա փորձառությամբ։ Հիմնարար իրավունքների և ոստիկանության էթիկայի վերաբերյալ 7 դասընթացների կազմակերպիչ և դասընթացավար է։ Էթիկայի և բարեվարքության, հակամարտությունների լուծման, համայնքային ոստիկանության վերաբերյալ բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ է։ 2021 թվականից ԵՄ իրավապահ մարմինների վերապատրաստման գործակալության՝ հիմնարար իրավունքների գծով փորձագետների խմբի անդամ է։
Ռաֆայել Մյուլեր – Ստորին Սաքսոնիայի կենտրոնական ոստիկանական դիրեկտորատի աշխատակից։ Նա ղեկավարում է զանգվածային անկարգությունների դեմ պայքարում ոստիկանության նյութատեխնիկական և հատուկ միջոցներով ապահովման և վերապատրաստման աշխատանքները։ Խորացված դասընթացներ է կազմակերպում հրազենից կրակելու, կյանքին սպառնացող գործողություններում առաջին արձագանքի և այլ թեմաներով։ Զանգվածային անկարգությունների ժամանակ ղեկավարում է ոստիկանության զորքերը։