Վերադառնալ
27.05.2024

ՀՀ իրավապահ մարմինների ներկայացուցիչները Մոլդովայում

ՀՀ իրավապահ մարմինների ներկայացուցիչները Մոլդովայում

     ԵՄ իրավապահ մարմինների վերապատրաստման գործակալության (CEPOL) կազմակերպված հանցավորության դեմ պայքարի և օպերատիվ համագործակցության ծրագրի շրջանակում 2024 թ. մայիսի 13-ից 17-ը Մոլդովայի Քիշնև քաղաքում կազմակերպվեց «Սպառնալիքների գնահատում և SOCTA մեթոդաբանություն, ռիսկերի կառավարում, օպերատիվ և ռազմավարական վերլուծություն» թեմայով հերթական տարածաշրջանային դասընթացը։ Մասնակցում էին Հայաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի իրավապահ մարմինների ներկայացուցիչները։ Հայաստանի պատվիրակության կազմում էին ՀՀ ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի տեղակալ Վահե Ենոքյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ-հետախուզական տեղեկատվության վերլուծության բաժնի պետ Լևոն Խալաթյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության կրթահամալիրի ուսումնամեթոդական և զարգացման վարչության միջազգային համագործակցության և ՏՏ ներդրման բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Կարինե Սաֆարյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմակերպական վարչության կազմակերպաիրավական և վերլուծության բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Հայկ Մեհրաբյանը և Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Հայկ Հարությունյանը։

     Դասընթացը վարում էին Ռումինիայի, Հունաստանի ոստիկանության, Եվրոպոլի օպերատիվ և ռազմավարական վերլուծության գծով փորձագետները։

   Օրակարգի առաջին թեման նվիրված էր ռազմավարական վերլուծությանը։ Տրվեց սահմանումը և ներկայացվեց դրա կարևորությունը ԵՄ մակարդակում որոշումեր կայացնելու գործընթացում։ Հաջորդ թեման սպառնալիքների գնահատումն ու սահմանումն էր։ Ներկայացվեցին կազմակերպված հանցավորության տիպաբանությունը, սպառնալիքների առաջացման և դրանց տարածման գործոնները, սպառնալիքների հայտնաբերման ու վերհանման  մեթոդները։ Հաջորդիվ օպերատիվ վերլուծությունն էր։ Ներկայացվեց չմշակված և մշակված տեղեկատվության տարբերությունը, վերլուծություն կատարելիս խնդիրների առաջադրման և պլանավորման, տեղեկատվության հավաքագրման, գնահատման ու համադրման փուլերը, տեղակատվության համադրման արդյունքում հանցավոր կապերը ներկայացնելու համար տարբեր սխեմաներ և դիագրամներ կազմելու առանձնահատկությունները։

    Եվրոպոլի ներկայացուցիչը ներկայացրեց ԵՄ SOCTA զեկույցի կառուցվածքը, քանակական և որակական տվյալներ հավաքագրելու նպատակով օգտագործվող ցուցիչները, տեղեկատվության հավաքագրման եղանակները, տվյալների գնահատումը, մշակումը և վերջնական զեկույցի պատրաստումը։ Վերջինս ներկայացրեց նաև ապագայում հանցավորության ոլորտների զարգացման վերաբերյալ կանխատեսումներ անելու ընթացակարգը։

    Օրակարգի բոլոր թեմաներին հաջորդում էին գործնական առաջադրանքները։

   Թեմաների վերաբերյալ մասնակիցները լրացրին առցանց հարցաշարեր, առաջադրված սցենարների վերաբերյալ ստեղծեցին հանցավոր կապերի վերհանման սխեմաներ։ Յուրաքանչյուր երկիր, ներկայացվող պահանջներին համահունչ, հանցավոր սպառնալիքների գնահատման ամփոփ զեկույց պատրաստեց։ Գործնական աշխատանք եղավ նաև ապագայում հանցավոր սպառնալիքների կանխատեսումների վերաբերյալ։

   Դասընթացն անցավ ակտիվ ու բուռն քննարկումների մթնոլորտում։ Մասնակիցները  նաև փոխանակվեցին վերլուծության բնագավառում իրենց երկրների փորձով։