Վերադառնալ
22.11.2024

ԻՐԱԿԱՆ ՀԵՐՈՍՆԵՐԸ ԹԻԿՆՈՑՆԵՐ ՉԵՆ ԿՐՈՒՄ, ՆՐԱՆՔ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԵՎ ՈԳԵՇՆՉՈՒՄ ԵՆ

 ԻՐԱԿԱՆ ՀԵՐՈՍՆԵՐԸ ԹԻԿՆՈՑՆԵՐ ՉԵՆ ԿՐՈՒՄ, ՆՐԱՆՔ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԵՎ ՈԳԵՇՆՉՈՒՄ ԵՆ

   Հոկտեմբերի 5-ը աշխարհի ավելի քան 100 երկրներում նշվում է որպես ուսուցչի օր։ Ուսուցչի դերը ամենակարևորն է մարդու կյանքում, քանզի նրանք կառուցում են հիմքը յուրաքանչյուր երեխայի և դրանով վճռվում նրանց հետագա ճակատագիրը։ Լավ ուսուցիչը մոմի պես է, նա ինքն իրեն սպառում է ուրիշների ճանապարհը լուսավորելու համար։ Ուսուցիչն այն միակ մասնագետն է, որը ստեղծում է մնացած  բոլոր մասնագիտությունները: 

     Այս անգամ հետաքրքիր զրույց ունեցանք 25 տարվա մանկավարժական փորձ ունեցող (որից 13-ը՝ կրթահամալիրում)՝ ՆԳՆ կրթահամալիրի քոլեջի հասարակագիտական առարկաների ամբիոնի ավագ դասախոս, ոստիկանության փոխգնդապետ Անուշ Օգսենի Գրիգորյանի հետ։

 

- Ամենաբարդ մասնագիտությունը բժշկությունն ու մանկավարժությունն է մեկը բուժում է մարմինը, մյուսը՝ հոգին։ Երկուսն էլ ճակատագրական են։ Դուք գիտակցու՞մ էիք այդ առաքելությունն ստանձնելու բարդությունը։

 

- Իմ կարծիքով, ամենաբարդ մասնագիտությունը «Մարդ» մասնագիտությունն է, իսկ ինչը վերաբերում է առաքելության գիտակցմանը, ապա, այո՛, ամեն րոպե, ամեն վայրկյան բանականությունը քեզ հուշում է լինել զգոն։ Մարդը պետք է պատասխանատվությամբ մոտենա այն գործին, որին նվիրում է իր կյանքի մեծ և կարևոր մասը։ Անշուշտ, բժշկի սխալները կարող են վտանգավոր լինել  հիվանդի առողջության համար, բայց մանակավարժի սխալների համար, ցավոք, պատասխան է տալիս ողջ հասարակությունը։ Ինչպես օրգանիզմում որևիցե օրգանի խաթարված աշխատանքի արդյունքում փոխվում է  կյանքի որակը, այնպես էլ առողջ սոցիումի առկայությունը պետության ճիշտ, կանոնավոր և արդյունավետ աշխատանքի արգասիքն է։ Հետևաբար, մանկավարժի առաքելությունն ավելին է, քան կարելի է պատկերացնել։

Դեռ հին հույն փիլիսոփա Դեմոկրիտը պնդել է, որ «կրթության արդյունքը պետք է լինի բարոյական մարդը, չափավոր ամեն ինչում՝ գործելով հանրային պարտքի համաձայն»։

- Ինչու՞ ընտրեցիք հենց մանկավարժի մասնագիտությունը, արդյո՞ք ընտրությունը ծնողների կողմից էր, թե՞ ինքնաբուխ։

 

-   Մայրս նույնպես մանկավարժ է եղել․ երկար տարիներ դասավանդել է տնտեսագիտություն, աշխարհագրություն, համահեղինակ է Հայաստանի աշխարհագրական ատլասի ստեղծմանը, իսկ հայրս թե՛ ի պաշտոնե, թե՛ բնույթով իր ողջ կյանքի ուղին անցել է սերունդներ դաստիարակելու և նրանց մեջ պետության համար արժանի հետևորդ լինելու բարձր պատասխանատվության զգացում սերմանելու  մոտեցումով։ Հետևաբար, իմ որոշումը կանխորոշված էր գենետիկորեն և, իհարկե, օբյեկտիվ պատճառներով՝ չնայած ի սկզբանե իմ ընտրությունն ավելի շատ ուղղված էր դեպի իրավագիտությունը․ ուզում էի հայրիկիս ճանապարհով գնալ։

- Կհիշե՞ք Ձեր առաջին մուտքը լսարան։

 

- Եթե խոսքը  բուհական լսարանի մասին է, ապա դա տեղի է ունեցել 2011 թվականի սեպտեմբերի մեկին, երբ ես առաջին անգամ ստանձնեցի իմ փիլիսոփայական գիտելիքները հաղորդել Կրթահամալիրի ապագա իրավագետներին։ Իսկ ընդհանրապես, իմ մուտքը լսարան եղել է դեռ հեռու՝ 1990 թվականին, երբ ԵՊՀ-ում սովորելու տարիներին մենք «Մանկավարժություն» առարկայի շրջանակներում պրակտիկան անցնում էինք դպրոցում՝ այնտեղ դասավանդելով «Հասարակագիտություն» առարկան։

Ոգևորում, անհանգստություն, պատասխանատվություն․ սա իմ հոգեվիճակի մինիմում նկարագրությունն է եղել յուրաքանչյուր լսարան մտնելիս։

- Ունե՞ք ծույլ ուսանողներին դասին ներգրավելու Ձեր առանձնահատուկ մեթոդները։

 

- Մեթոդները բազմազան  են, բայց մոտեցումը պետք է լինի անհատական․ ամեն ուսանողի համար առանձին մոտեցում՝ ըստ նրա խառնվածքի, անձնային որակների շեշտադրման, ծուլության պատճառների բացահայտման, օգնություն տրամադրելու ծավալի և նրան խմբային աշխատանքներին ընդգրկելու աստիճանի։

Ի վերջո, ծույլ չեն ծնվում, մարդուն ծույլ դարձնում են շրջապատող մարդիկ իրենց անտարբերությամբ և եսասիրությամբ։

- Ինչպե՞ս պետք է լինի ուսանող - դասախոս հարաբերությունը։

- Եթե կարելի է, պատասխանեմ մի քանի խոսքով ՝ վստահելի, ազնիվ, անաչառ և պրոֆեսիոնալ։

- Լսարան պահելը շատ դժվար է լավ մասնագետ լինելը դեռ բավարար չէ դասը լսելի դարձնելու և առարկայի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու համար։ Կասե՞ք՝ ո՞րն է Ձեր գաղտնիքը և ինչպե՞ս եք մոտիվացնում ուսանողներին։

 

 - Գաղտնիք չկա, ուղղակի պետք է սիրել և անմիջական լինել լսարանի հետ, լսարանը հրաշալի զգում է անգամ աննշան կեղծիքը։ Ուսանողին մոտիվացնելու կամ նրա «իկիգանան»՝ կյանքի իմաստը  գտնելու համար մի քանի եղանակ կա՝ նյութի հետաքրքիր մատուցում՝ խոսքի մաքրություն, առոգանություն, տեխնիկա, նյութի արդիականություն, թեմայի գերազանց իմացություն և նրա հետագա օգտակարության աստիճանի համոզում, լսարանի հարցերին պատասխանելու պատրաստակամություն, լսարանի նախնական հետազոտում՝ ըստ նրա նպատակամղվածության և ներգրավվածության, և, իհարկե, խստություն, բայց ո՛չ կոպտություն։

- Որո՞նք են Ձեր ուժեղ և թույլ կողմերը։

 

-    Շատ դժվար հարց եք տալիս, որովհետև մարդու ինքնավերլուծությունը կարող է դիտվել որպես անհամեստություն, բայց, այնուամենայնիվ, կփորձեմ հնարավորինս ճիշտ նկարագրել։

Ուժեղ կողմերից կարող եմ նշել՝ սկզբունքայնություն, համարձակություն, արագ կողմնորոշվելու կարողություն, սեփական ուժերի նկատմամբ հավատ, ներելու կարողություն, ինքնատիրապետում, համբերատարություն։

Իսկ թույլ կողմերից՝ ինքնաքննադատություն՝ տեղին և անտեղի, նաև չափից ավել բարություն։ Չնայած բարությունը համարվում է ուժեղ մարդուն բնորոշ գիծ, այնուամենայնիվ, փորձը ցույց է տալիս, որ այս աստվածատուր հատկությունը սովորաբար չարաշահվում է, և մարդիկ բարությունը շփոթում են թուլության հետ։

- Պատմեք Ձեր կյանքի գլխավոր ձեռքբերման մասին։

 

Աշխարհը լի է հետաքրքիր և յուրահատուկ ձեռքբերումներով, մարդը ինքը հենց աշխարհի ձեռքբերումներից մեկն է, սակայն լիովին  չի էլ գիտակցում այդ առավելության մասին։        

Միգուցե շատերի համար նյութական ձեռքբերումները կլինեն իրենց կյանքի ամենակարևոր դրվագներից, բայց, իմ կարծիքով, ոչ նյութականներն ավելի մնայուն են և իմաստալից։ Այս իմաստով իմ կյանքի ձեռքբերումները շատ են՝ աստվածային լույսով օժտված ծնողներ, որոնք ինձ տվեցին մեծ ՍԵՐ և ԻՄԱՍՏ, հետաքրքիր, բովանդակալից աշխատանք, որն ինձ արժանապատիվ և արժեհամակարգային աճի հնարավորություն տվեց, ընկերներ՝ բառիս լայն և իմաստային առումով, և վերջապես կյանքիս գլխավոր ձեռքբերումը․ դա, իհարկե, իմ հրաշալի ընտանիքն է՝  ի դեմս հրաշալի ամուսնուս և իմ կյանքի իմաստ՝ միակ դստերս։ 

 - Ի՞նչը կփոխեիք կրթական համակարգում։

 

Քանի որ սա շատ ծավալուն պատասխան պահանջող հարց է, ուստի կաշխատեմ հակիրճ բարձրաձայնել մտորումներս։

Առաջին հերթին վերանայել դպրոցական ծրագրերը, վերազինել նորարարական տեխնիկայով (խոսքը կաբինետային,հոսքային դասարանների մասին է), կրթության առաջնահերթությունն ուղղել ազգային-գաղափարական տարրեր պարունակող բովանդակությամբ և ժամանակի պահանջներին համահունչ համակարգերով։

- Ինչպե՞ս կգնահատեք այսօրվա սերնդին։ Ձեր մանկավարժական երկար տարիների փորձից ին՞չ կցանկանաք փոխանցել ուսանողներին։

 

-Այսօրվա սերունդը հրաշալի սերունդ է, շատ դժվարություններով անցած  սերունդ, սերունդ, որի բազկի ուժի շնորհիվ մենք ապրում և արարում ենք, և որին պիտի միշտ պարտական լինենք, սերունդ, որը շատ բաներից զրկվեց, բայց միևնույն ժամանակ մնաց բարի, կամեցող, ուժեղ և ազատ։

Այսօրվա սերունդն ունի շատ հնարավորություններ, բայց իրագործելու ճանապարհին հանդիպում է շատ ու շատ խոչընդոտների։ Այս համատեքստում սերնդի դաստիարակումը և ժառանգության փոխանցումը պետք է ուղղված լինի հնարավորինս բովանդակալից, խոր գիտելիքների փոխանցման գործընթացի մեջ։

Իմ հերթին, ես կցանկանամ ուսանողներին փոխանցել տարիների փորձի հիման վրա կուտակած գիտելիքի լույսը և այն անսասան ուժը, որը նրանք կօգտագործեն կյանքի արահետներում դեմքը և մարդկությունը չկորցնելու դժվարին ճանապարհին։

- Ի՞նչ եք կարծում, մանկավարժին ստաժն է մանկավարժ դարձնու՞մ, թե՞ մանկավարժ ծնվում են։

 

-   Ինչպես մյուս բնագավառներում, այնպես էլ մանկավարժության մեջ մասնագետը պետք է ի ծնե օժտված լինի տաղանդով կամ գոնե համապատասխան կարողություններով։ Ստաժն ընդամենը փորձ է տալիս, իսկ մնացածը նա ստանում է բնությունից։

- Ի՞նչ եք կարծում, կա՞ն վատ գրքեր։ Ձեր ընթերցած գրքերից ո՞րն է ամենատպավորիչը, և դրանցից ո՞ր գիրքը կրկին կընթերցեիք։

 - Իմ կարծիքով, գրքի լավ կամ վատ լինելը կախված է կարդացողի ընկալումներից, հետևաբար,  պատասխանը երկակի է՝ չհաշված մասնագիտական գրականությունը։ Վիկտոր Հյուգոյի «Թշվառները» առաջին անգամ կարդացի 14 տարեկանում․ տպավորված էի, Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն», Ջորջ Օրուէլ և այլն։

Կրկին կկարդայի Ստեֆան Ցվայգ, Հենրիխ Հեյնե, Վահան Տերյան և այլն։

- Խոսենք նախասիրություններից ի՞նչն է, որ մի քանի ժամով Ձեզ կտրում է իրական կյանքից։

 

Երաժշտությունը, սպորտը, գրքերը, լավ մարդկանց հետ հետաքրքիր զրույցները և, իհարկե, խոհանոցի «կախարդանքը»  կարող են մի քանի ժամով կտրել ինձ առօրյա տխուր իրականությունից։

- Ոստիկանական համակարգն ուժային կառույց է: Կին, ոստիկան այս հակասություններն ինչպե՞ս եք կարգավորում:

 

Այո՛, ոստիկանական համակարգը, լինելով ուժային կառույց, իր շարքերում ընդունել է առաջին հայացքից թույլ սեռի ներկայացուցիչ թվացող  կանանց։ Սակայն կինը, բնությունից օժտված լինելով յուրահատուկ ուժով, այդ հակասությունները հաղթահարում է «գաղտնի» ինքնակարգավորվող համակարգի շնորհիվ։

Կարծում եմ՝ այստեղ ոչ թե հակասություն կա, այլ, հակառակը, կնոջ բնույթին բնորոշ նկարագիր և ընդհանրություն, հետևաբար, ես էլ, չլինելով բացառություն, օգտվում եմ այդ «գաղտնի» համակարգի օրենքներից, ի դեպ՝ մեծ նվիրումով և եռանդով։

- Ինչպիսի՞ն պետք է լինի իրական ոստիկանի կերպարը։

 

- Իրական կամ ոչ իրական ոստիկան չկա, կա ոստիկանին արժանի կերպար, որին պետք է համապատասխանել։ Առաջին հերթին ոստիկան լինելու համար պետք է բարձր գիտակցումով մոտենալ այդ բարդ, բայց, միևնույն ժամանակ, անհրաժեշտ մասնագիտությանը, անմնացորդ նվիրվել գործին և, ամենակարևորը, սիրել այն, հասկանալ այդ մասնագիտության բարդություններն ու առավելությունները։  Լավ ոստիկան լինելու համար պետք է անընդհատ կատարելագործվել, ինքնակրթվել, ուշադիր լինել բոլոր մանրուքներին։

- Թեմա, որի շուրջ անդադար կխոսեք:

 

- Կյանքի իմաստի և մարդու հակասական բնույթի մասին։

- Ո՞րն է կյանքի շարժիչ ուժը Ձեզ համար։

 

-Կյանքի շարժիչ ուժը միշտ էլ եղել է և կլինի այն էներգիան, ուժը, գաղափարը,  հույսը, որը կոչվում է Աստված, դրան գումարած՝  նաև կամքը։

 

Բլից հարցեր

Պատասխանում եք կարճ և արագ։

- Երեք բառ, որով կբնորոշեք Ձեզ:

- Համբերատար, ուժեղ, նվիրված։

- Միտք, որն առաջինը ծագում է արթնանալիս:

- Շնորհակալություն,որ այսօր էլ լուսացավ։

- Օրն սկսում եք ժամը…

- 6․ 30-ին։

- Սիրած աֆորիզմը:

- «Չար մարդը չի կարող լինել երջանիկ, քանզի մնալով ինքն իր հետ՝ նա մնում է չարագործի հետ»։ / Ի․Կանտ /

- Սիրելի զբաղմունքը:

- Ընթերցանություն, սպորտ, պար։

- Խորհուրդ, որը կտայիք։

- «Երբ հետ նայեք Ձեր կյանքին և փորձեք այն վերլուծել,  մի՛ ափսոսացեք արածների համար, այլ ափսոսացեք չարածների համար»։

- Իսկ վերջում․․ (ավելացրե՛ք այն, ինչ Ձեր մտքով անցնում է այս պահին)։

Շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի և յուրահատուկ հարցերի համար։

Ցանկանում եմ բոլորիս հզոր հայրենիք և մեծ եռանդ խոր գիտելիքներով զինված սերունդ դաստիարակելու այս  դժվար և պատասխանատու գործում։

                                                                                                                                                                                                                                                                                                                                                    Հարցազրույցը վարեց

առաջատար մասնագետ Լիանա Սահակյանը