ԵԿԵՔ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵՆՔ ԽԱՂԱՂ ԵՐԿՆՔԻ ՏԱԿ…
«Կրթահամալիրի սովորողները» խորագրով նախագծի շրջանակներում այս անգամ զրուցել ենք ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի առկա անվճար ուսուցման 1-ին կուրսի սովորող, ոստիկանության կրտսեր սերժանտ Արևիկ Սարգսյանի հետ։
Գնացինք․․․․
- Ինչպիսի՞ ն էր փոքրիկ Արևիկը:
Փոքրիկ Արևիկը երազկոտ էր, աշխույժ ու հետաքրքրասեր:
- Դրվագներ, որ տպավորվել են մանկության տարիներից:
- Հիշում եմ՝ ուշ գիշերով դրսում մեր հորինած կամ արդեն հայտնի բակային խաղերն էինք խաղում: Մանկությունիցս հատկապես տպավորվել են պարային համույթով մենահամերգներն Արցախում:
- Կպատմե՞ս դպրոցական տարիներից:
- Բավականին ակտիվ էի դպրոցում, մասնակցում էի բացառապես բոլոր միջոցառումներին և դրա հետ մեկտեղ շատ լավ էի սովորում: Պետք է խոստովանեմ, որ շատ համարձակ էի: Հիշում եմ` առաջին դասարանում դասալսման եկած փոխտնօրենի հարցին, թե ինչու գրատախտակին անվանս կողքին ազգանունս ևս չեմ գրել, պատասխանեցի՝ դե որ իմանայի, կգրեի էլի:
Այդ ժամանակ դեռ տառերը չէինք անցել:
- Ի՞նչ եք կարծում, կա՞ն վատ գրքեր։
Կարծում եմ՝ այս հարցը շատ սուբյեկտիվ մոտեցում է ակնկալում: Ես անձամբ ունեմ իմ սիրելի ժանրերը:
- Քո ընթերցած գրքերից ո՞րն է ամենատպավորիչը։
- Ինձ և իմ անձի զարգացման վրա շա՜տ-շա՜տ մեծ ազդեցություն է ունեցել Ռեյ Բրեդբըրիի «451° ըստ Ֆարենհայթի» գիրքը: Մեծ հույս ունեմ, որ հեղինակի պատկերացումները չեն կատարվի, և գրքերը միշտ կուղեկցեն մարդկությանը:
- Խոսենք նախասիրություններից. ի՞նչն է, որ մի քանի ժամով քեզ կտրում է իրական կյանքից:
- Դեռ մանուկ հասակից պարելիս ինձ երկնքում էի զգում և պիտի նշեմ, որ մինչև այսօր ոչինչ չի փոխվել:
- Ինչի՞ մասին ես երազում կյանքիդ այս շրջանում:
- Երազում եմ դառնալ ազգիս ու հայրենիքիս համար պիտանի մարդ ու մասնագետ` խաղաղ երկնքի տակ:
- Ոստիկանական համակարգն ուժային կառույց է: Կին, ոստիկան․ այս հակասություններն ինչպե՞ս ես կարգավորում:
- Կարծում եմ՝ «ուժային կառույց » բառակապակցությունն իրենից չի ենթադրում կնոջ բացակայություն համակարգում: Անձնական օրինակով ուզում եմ ցույց տալ, որ կինն ու ոստիկանությունը բավականին համատեղելի են:
- Ինչպե ՞ս ընտրեցիր այս մասնագիտությունը:
- Մանկուց դրսում ոստիկան տեսնելիս ինձ ապահով էի զգում ու միշտ ցանկանում էի, որ ես էլ կրեմ ոստիկանի համազգեստն ու լավ օրինակ լինեմ հասարակությունում:
- Ուսանողական տարիներ. ինչպիսի՞ն է Կրթահամալիրում ուսանողական կյանքը:
- Ճիշտ է, դեռ ընդամենը 3 ամիս է, ինչ ուսանող եմ, բայց ես ապրում եմ իմ երազած ուսանողական կյանքով: Սիրում եմ Կրթահամալիրը, և այստեղ սովորելն իմ երազանքի ուղու մի մասն է:
- Մի քանի բառով նկարագրի՛ր Կրթահամալիրի սովորողի կերպարը։
- Կարծում եմ՝ Կրթահամալիրը Հայաստանում այն ուսումնական հաստատություններից մեկն է, որի ուսանողները պիտի լինեն շատ պատասխանատու, կարգապահ, պարտաճանաչ ու հայրենասեր:
- Ո՞րն է ոստիկան դառնալու քո շարժառիթը:
- Շարժառիթս իմ օրինակով ցույց տալն է, որ եթե ունես նպատակ, դրանց կարելի է հասնել ու դառնալ կիրթ և օրինակելի ոստիկան:
- Եթե հնարավորություն տրվեր փոխելու մասնագիտությունը, ի՞նչ կընտրեիր:
- Անկեղծ ասած՝ մասնագիտությունս փոխել չէի ցանկանա, բայց իմ սիրելի մասնագիտություններից են նաև պարուհին ու հոգեբանը:
- Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց, ովքեր ցանկանում են ընտրել Կրթահամալիրը։
- Չնայած դժվարություններին՝ նրանք միանշանակ ճիշտ են վարվում: Խորհուրդ կտամ միշտ սիրով ընտրել իրենց մասնագիտությունը:
- Թեմա, որի շուրջ անդադար կխոսես:
- Մարդկանց ինքնազարգացման ու ինքնաճանաչողության մասին:
Բլից հարցեր
Պատասխանում ենք կարճ և արագ։
- Երեք բառ, որով կբնորոշես ինքդ քեզ:
- Ուրախ, երազկոտ, նպատակասլաց:
- Միտք, որն առաջինը ծագում է արթնանալիս:
- Եվս մի օր ունեմ երազանքիս հասնելու համար:
- Ինչպե՞ս արդյունավետ դարձնել օրդ։
- Ես մասամբ պլանավորում եմ օրս և փորձում եմ չխախտել այն: Շուտ եմ արթնանում, պահպանում եմ հանգստիս ռեժիմն ու բալանսավորված սնունդը:
- Օրն սկսում ես ժամը…
- Օրս սկսում եմ 06:00-ին:
- Սիրածդ աֆորիզմը:
Խնդիրը խնդրի մեջ չէ: Խնդիրը նրա մեջ է, թե դու ինչպես ես վերաբերվում այդ խնդրին:(Ջոնի Դեփ)
- Սիրելի զբաղմունքդ:
- Սիրում եմ պարել, երաժշտություն լսել ու ընթերցել:
- Խորհուրդ, որը կտայիր։
- Որևէ դժվարության առաջ չընկրկել:
- Իսկ վերջում․․ (ավելացրու՛ այն, ինչ մտքովդ անցնում է այս պահին)
- Եկեք երջանիկ լինենք խաղաղ երկնքի տակ…
Հարցազրույցը վարեց
ոստիկանության կապիտան
Մ. Խերանյանը