Վերադառնալ
17.07.2024

ԵՐԲ ԿԱ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԵԼՔ ԿԳՏՆՎԻ

ԵՐԲ ԿԱ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԵԼՔ ԿԳՏՆՎԻ

 

 

«Կրթահամալիրի սովորողները» խորագրով նախագծի շրջանակներում այս անգամ զրուցել ենք  ՀՀ ՆԳՆ ոստիկանության կրթահամալիրի 3-րդ  կուրսի սովորող  Ավետ Ավետիսյանի հետ։

 

-    Ինչպիսի՞ ն էր փոքրիկ Ավետը: Երեք նախադասությամբ պատմի՛ր քո մասին։

Եղել եմ չափազանց կարգապահ, զգուշավոր և հետաքրքրասեր երեխա։ Միշտ շփվում էի ինձնից տարիքով մեծ երեխաների հետ։ Սիրում էի, երբ մեծերը տարբեր հետաքրքիր պատմություններ էին պատմում։

 

-      Կպատմե՞ս դպրոցական  տարիներից:

Դպրոցում սովորել եմ գերազանց առաջադիմությամբ, ակտիվ մասնակցել եմ դպրոցում և դրանից դուրս կազմակերպված բոլոր միջոցառումներին և մրցույթներին։ Դպրոցական տարիներից եմ սկսել թիմային մտածողություն ձեռք բերել։ Միշտ սիրել եմ պատմությունն ու մաթեմատիկան, շատ էի ուսումնասիրում Նապոլեոն Բոնապարտին  և Ուինսթոն Չերչիլին։

 -    «Փոքրիկ իշխան» Անտուան դը Սենտ-Էքզյուպերի․․․ Ինչպիսի՞ն է քո ստեղծած այլ մոլորակը։

Ես երբեք չեմ ապրել իրականությունից կտրված և միշտ փորձել եմ տեսնել իրական կյանքի լավ կողմերը։

 

-   Ի՞նչ ես կարծում, կա՞ն վատ գրքեր։

Այո՛, իհա՛րկե, սակայն դա բացառապես սուբյեկտիվ ընկալմամբ է այդպես։ Մարդիկ տարբեր են, և յուրաքանչյուրն ինքն է ընտրում ստեղծագործության լավ կամ վատ լինելը։

 

-   Քո ընթերցած գրքերից ո՞րն է ամենատպավորիչը, և ո՞ր գիրքն է, որ 2-րդ անգամ կընթերցես։

Ընդհանրապես ես պատմավեպերի սիրահար եմ, սակայն ինձ ամենից շատ տպավորել է Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանը» վեպը, քանի որ մեր շրջապատում շատ կան գրքի հերոսներից, և այն  առավել քան մեր ժամանակներին բնորոշ գիրք է։

  

-    Ինչի՞ մասին ես երազում կյանքիդ  այս շրջանում։

Ինձ համար չկան երազանքներ, այլ կան նպատակներ։ Կյանքիս այս փուլում իմ նպատակն է արդարացնել բոլոր այն հույսերը և սպասումները, որոնք կապված են ինձ հետ, և դառնալ այնպիսի մասնագետ, որը պիտանի կլինի իր երկրին և ազգին։

 

- Խոսենք նախասիրություններից ի՞նչն է, որ մի քանի ժամով քեզ կտրում է իրական կյանքից։

Շատ եմ սիրում զբոսնել։ Այդ ընթացքում են ի հայտ գալիս այն հարցերի պատասխանները, որոնք հաճախ անհնարին են թվում։

                                                                                                       

-  Ինչպե ՞ս ընտրեցիր այս մասնագիտությունը:

Շատ բարդ էր մասնագիտության ընտրությունը, քանի որ բոլոր մասնագիտություններն էլ ինձ հետաքրքրում էին։ Սակայն այս հարցում վերջնական կողմնորոշվել եմ, երբ հասկացել եմ, որ այս մասնագիտությամբ է հնարավոր առավել նպաստ ունենալ պետության կայացման գործում, և իրավաբանությունն է այն բացառիկ մասնագիտությունը, որին բնորոշ են իմ մտածողությունն ու սկզբունքները։

 

-  Ուսանողական տարիներ. ինչպիսի՞ն է Կրթահամալիրում ուսանողական կյանքը:

Այստեղ ուսանողական կյանքը շատ հետաքրքիր և բովանդակալից է։ Սովորական դասապրոցեսից զատ, Կրթահամալիրը հնարավորություն է ընձեռում նաև պրակտիկ գիտելիքներ ստանալու՝ անընդհատ կազմակերպվող բանավեճերով, դատախաղերով, քննարկումներով։ Կրթահամալիրի յուրաքանչյուր նոր ձեռքբերում առաջին հերթին անդրադառնում է ուսանողի մտածողության և ձգտումների վրա։

-    Մի քանի բառով նկարագրի՛ր Կրթահամալիրի սովորողի կերպարը։

Պետականամետ, կարգապահ, իրավագիտակից։

 

-   Եթե հնարավորություն տրվեր փոխելու մասնագիտությունը, ի՞նչ կընտրեիր:

Բժիշկ կդառանայի, որովհետև միշտ ինձ պատկերացրել եմ այդ մասնագիտության մեջ՝ չնայած որ իրավաբաններին ես համարում եմ հասարակության բժիշկներ։

 

-   Թեմա, որի շուրջ անդադար կխոսես:

Այդ թեման պետականությունն ու հայրենիքն է։ Զարգացած և ուժեղ պետություն ունենալու համար յուրաքանչյուրն իր ներդրումը պետք է ունենա։ Սակայն սա այն հարցն է, երբ անդադար խոսքին զուգահեռ պետք է լինի անդադար գործ, քանի որ կատարած աշխատանքն է ցույց տալիս խոսքի ուժը։

 

-Ո՞րն է կյանքի շարժիչ ուժը քեզ համար։

Ինձ համար կյանքի շարժիչ ուժը միանշանակ ներկայի աշխատասիրությունն ու ձգտումն է և ապագայի տեսլականը։ Առանց մեկի հնարավոր չէ պատկերացնել մյուսը։

 

Բլից հարցեր

Պատասխանում ենք կարճ և արագ։

 

-   Երեք բառ, որով կբնորոշես ինքդ քեզ:

Սկզբունքային, ինքնավստահ և զգուշավոր։

-   Միտք, որն առաջինը ծագում է արթնանալիս:

Յուրաքանչյուր օր մի նոր սկիզբ է։

-   Օրն սկսում ես ժամը…

-   7։30։

-   Սիրածդ աֆորիզմը:

Վատատեսը ամեն հնարավորության մեջ դժվարություն է տեսնում, լավատեսը ամեն դժվարության մեջ՝ հնարավորություն։

-   Սիրելի զբաղմունքդ:

Շախմատ խաղալ։

-   Խորհուրդ, որը կտայիր։

Ոչ մեկին մի՛ պատասխանիր,երբ զայրացած ես,

Ոչինչ մի՛ խոստացիր, երբ երջանիկ ես,

Ոչինչ մի՛ որոշիր, երբ տխուր ես։

-   Իսկ վերջում․․ (ավելացրու՛ այն, ինչ մտքովդ անցնում է այս պահին)

Երբ կա վճռականություն, ելք կգտնվի։

 

                                                                                       Հարցազրույցը վարեց

առաջատար մասնագետ

                                                                                      Լիանա  Սահակյանը