Վերադառնալ
19.12.2024

ԵՐԱԶԱՆՔՆԵՐ ՉՈՒՆԵՄ, ԿԱ ՆՊԱՏԱԿ, ՈՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ՋԱՆԱՍԻՐԱԲԱՐ ԱՇԽԱՏԵԼ

ԵՐԱԶԱՆՔՆԵՐ ՉՈՒՆԵՄ, ԿԱ ՆՊԱՏԱԿ, ՈՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ՋԱՆԱՍԻՐԱԲԱՐ ԱՇԽԱՏԵԼ

«Կրթահամալիրի սովորողները» խորագրով նախագծի շրջանակներում այս անգամ զրուցել ենք  ՀՀ ՆԳՆ ոստիկանության կրթահամալիրի 3-րդ  կուրսի սովորող, ոստիկանության սերժանտ,  Լիդիա Գրիգորյանի հետ։

 

-   Ինչպիսի՞ ն էր փոքրիկ  Լիդիան:

- Դե՛, բնականաբար, ես չեմ հիշում փոքրիկ Լիդիային, աղոտ ինչ-որ պահեր միայն․․․ Մայրիկս ասում է՝ խելացի, հասկացող աղջնակ էի, միշտ ինչ-որ բան էի քանդում (բայց լավ նպատակով), ուսումնասիրում էի։ Ակտիվ, շարժուն երեխա եմ եղել, հաճախել եմ երաժշտական դպրոց, պարի, սպորտի։ Միշտ շարժի մեջ եմ եղել։ 

 

- Դրվագներ, որ տպավորվել են մանկության տարիներից: Որո՞նք էին մանկությանդ տարիների խաղերը։

-  Մանկությունս շատ պայծառ ու անհոգ է անցել՝ չարաճճիություններով լեցուն, դե՛, բակային խաղերն էլ անպակաս են եղել։ Խաղում էինք ամենատարբեր խաղեր՝ ֆուտբոլ, վոլեյբոլ, 7 քար, պահմտոցի, գործագործ (город за город), քարկտիկ ու էլի շատ խաղեր։ 

- Կպատմե՞ս դպրոցական  տարիներից: 

- Դպրոցական տարիներս բավականին հագեցած են եղել։ Միշտ տարբեր միջոցառումներ, մրցույթներ, օլիմպիադաներ․ Covid-19-ի ժամանակաշրջանում նաև աշակերտական խորհրդի նախագահ եմ եղել ու բազմաթիվ առցանց միջոցառումներ կազմակերպել։ Հիմա էլ այդ ակտիվությունը շարունակական բնույթ է կրում։ 

 

 -   «Փոքրիկ իշխան» Անտուան դը Սենտ-Էքզյուպերի․․․Ինչպիսի՞ն է քո ստեղծած այլ մոլորակը։

-   Մոլորակ՝ որպես այդպիսին, չունեմ, բայց նշեմ, որ չափազանց լավատես եմ ու երևի թե իմ մոլորակի հիմքը հենց լավատեսությունը կլինի, որտեղ մարդիկ բարյացակամ են։ 

 

-   Ի՞նչ ես կարծում, կա՞ն վատ գրքեր։

-  Կարծում եմ՝ չկան վատ գրքեր։ Յուրաքանչյուր գիրք ունի իր «հասցեատերը», իր «լսարանը»․ զուտ ճաշակի հարց է։ 

 

-   Քո ընթերցած գրքերից ո՞րն է ամենատպավորիչը, ո՞ր գիրքն է, որ 2-րդ անգամ կընթերցես։

-  Շատ գրքեր եմ կարդացել, հիմնականում՝ պատմական ու դետեկտիվ, դրանից ամենատպավորիչը Ժորժ Սիմեոնի «Դեղին շունը» պատմվածքների գիրքն է, որը 2 անգամ կարդացել եմ և էլի կկարդամ։ 

  

-    Ինչի՞ մասին ես երազում կյանքիդ  այս շրջանում:

-   Կյանքիս այս շրջանը բավականին հետաքրքիր ու փոփոխական է, երազանքներ չունեմ, կա նպատակ, որի համար պետք է ջանասիրաբար աշխատել։ 

-   Խոսենք նախասիրություններից ի՞նչն է, որ մի քանի ժամով քեզ կտրում է իրական կյանքից։

- Սպորտը, ֆիզիկական ակտիվությունը, քանի որ կյանքիս բոլոր փուլերում սպորտն անբաժան է եղել, ու միակ լիցքաթափվելու ձևը սպորտով զբաղվելն է։ 

- Ոստիկանական համակարգն ուժային կառույց է: Կին-ոստիկան այս հակասություններն ինչպե՞ս ես կարգավորում:

- Ճի՛շտ է, ոստիկանական համակարգն ուժային կառույց է, ու միշտ հնչում են անհիմն կարծիքներ կին ոստիկանների՝ որպես թույլ սեռ լինելու մասին, բայց նշեմ, որ, բարեբախտաբար, մեր հասարակության մեջ այդ կարծրատիպերի պատնեշը ինչ-որ չափով թուլացել է, քանի որ ներկայումս համակարգում շատ կին ոստիկաններ ունենք։  

                                                                                   

-    Ինչպե ՞ս ընտրեցիր այս մասնագիտությունը:

-  Մասնագիտությունս ընտրել էի դեռ 9-րդ դասարանում, գիտեի, որ բարդ է լինելու, դժվարությունների եմ բախվելու, բայց, ամեն դեպքում, սա իմ գիտակցված որոշումն է, որին պետք է հավատարիմ լինել։ 

 

Ուսանողական տարիներ. ինչպիսի՞ն է Կրթահամալիրում ուսանողական կյանքը:

- Կրթահամալիրում ուսանողական կյանքը աշխույժ է, անընդհատ եռուզեռ է՝ դատախաղեր, կոնֆերանսներ, բանավեճեր ինչպես կրթահամալիրի ներսում, այնպես էլ այլ բուհերի հետ, որոնք հնարավորություն են տալիս ձևավորել ծանոթությունների լայն շրջանակ։ 

 

Ոստիկան /պարեկ/ մի քանի բառով բնութագրի՛ր՝ ինչ է քեզ համար այն։

-  Ոստիկանն ապահովության, անվտանգության խորհրդանիշ է, որը պետք է լինի հումանիստ, բարձր մասնագիտական պատրաստվածությամբ ու հոգեբանական դիմադրողականությամբ։

 

-    Մի քանի բառով նկարագրի՛ր Կրթահամալիրի սովորողի կերպարը։

-  Կրթահամալիրի սովորողը զուսպ է, վարվեցողության բարձր արժեքներով, օրինակելի թե՛ հասարակության, թե՛ գործընկերների համար։  

 

-     Ո՞րն է ոստիկան դառնալու քո շարժառիթը:

-   Կրթահամալիրը լավագույն ընտրությունն է նրանց համար, ովքեր ուզում են որակյալ կրթություն ստանալ ու լինել որակյալ մասնագետ։

 

-   Եթե հնարավորություն տրվեր փոխելու մասնագիտությունը, ի՞նչ կընտրեիր:

-  Կընտրեի մանկաբուժությունը. միշտ սիրել եմ այդ գործը։  

 

 Թեմա, որի շուրջ անդադար կխոսես:

-   Թեման էական չէ, կարևոր է՝ ում հետ։  

Ո՞րն է կյանքի շարժիչ ուժը քեզ համար։

-  Կյանքի իմաստն այն ապրելու ու նորն արարելու մեջ է։ 

 

Բլից հարցեր

Պատասխանում ենք կարճ և արագ։

 

-   Երեք բառ, որով կբնորոշես ինքդ քեզ:

-  Հայրենասեր, նպատակասլաց, հետաքրքրասեր։

-   Միտք, որն առաջինը ծագում է արթնանալիս:

-   Կյանքի նոր օր է, հիանալի է։ 

-   Օրն սկսում ես ժամը…

-   6։30-ին։

-   Սիրածդ աֆորիզմը:

-   Բոլոր պատասխանները մեր ներսում են, դրանք պետք է լսել։

-   Սիրելի զբաղմունքդ:

-   Սպորտ։ 

-   Խորհուրդ, որը կտայիր։

-   Սիրե՛ք աշխարհը, կյանքը, մարդկանց, լցվեք լավատեսությամբ և ամեն ինչ կլինի այնպես,   ինչպես պետք է։ 

 Իսկ վերջում․․․ (ավելացրու՛ այն, ինչ մտքովդ անցնում է այս պահին)

-  Գնահատե՛ք պահը և մի՛ վախեցեք փոփոխություններից։

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     Հարցազրույցը վարեց

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     Առաջատար մասնագետ

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     Լիանա  Սահակյանը