Վերադառնալ
09.09.2024

ՆԱ, ՈՎ ԳԻՏԻ «ԻՆՉՈՒ»-Ն, ԿԱՐՈՂ Է ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԳՐԵԹԵ ՑԱՆԿԱՑԱԾ «ԻՆՉՊԵՍ»-Ը

ՆԱ, ՈՎ ԳԻՏԻ «ԻՆՉՈՒ»-Ն, ԿԱՐՈՂ Է ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԳՐԵԹԵ ՑԱՆԿԱՑԱԾ «ԻՆՉՊԵՍ»-Ը

 

«Կրթահամալիրի սովորողները» խորագրով նախագծի շրջանակներում այս անգամ զրուցել ենք  ՀՀ ՆԳՆ ոստիկանության կրթահամալիրի 3-րդ  կուրսի սովորող, ոստիկանության սերժանտ Ժաննա Վարդանի Տեփանոսյանի հետ։

 

-    Ինչպիսի՞ ն էր փոքրիկ Ժաննան: Երեք նախադասությամբ պատմի՛ր քո մասին։

 

-   Այս փոքրիկ աղջնակը շատ շարժուն էր, ակտիվ, անընդհատ ուզում էր խառնվել մեծերի խոսակցությանը, բայց հետո հիշում էր, որ մայրիկն արգելել է:

Հաճախում էր տարբեր խմբակների՝ երգի, պարի, սպորտի։ Մանկուց ընտանիքում բոլորի ուշադրությունը միշտ կենտրոնացված Է եղել  ինձ վրա, քանի որ ես ընտանիքի միակ զավակն եմ, երևի հենց դրա համար էլ երբևէ չեմ ցանկացել ունենալ քույր կամ եղբայր:

 

-   Դրվագներ, որ տպավորվել են մանկության տարիներից:

 

-    Մանկությանս տարիները շատ վառ և գունավոր են եղել, սիրում էի բակային խաղերը, հիշում եմ իմ առաջին հեծանիվը, որն ինձ ծնողներս  էին նվիրել։ Հետաքրքիրն այն է, որ շատ չարաճճի չեմ եղել, հիմնականում զբաղվել եմ մշտադիտարկմամբ` անդադար հետևելով մեծերի վարքագծին:

 

-     Կպատմե՞ս դպրոցական  տարիներից:

 

-  Դպրոցական տարիներին ակտիվիստ եմ եղել, առօրյան հագեցած է եղել տարբեր մրցույթներով, միջոցառումներով, օլիմպիադաներով։  Ի դեպ, մինչև օրս կարծես թե նմանատիպ ավանդույթները շարունակվում են:

 

 -    «Փոքրիկ իշխան» Անտուան դը Սենտ-Էքզյուպերի․․․Ինչպիսի՞ն է քո ստեղծած այլ մոլորակը։

 

-      Վերջին ժամանակներում ավելի շատ ռեալիստական մոտեցումների կողմնակից եմ դարձել, հետևաբար, իմ մոլորակը ներկայիս իրականությունն է:

 

-    Ի՞նչ ես կարծում՝ կա՞ն վատ գրքեր։

 

-   Կարծում եմ՝ վատ գրքեր չկան, յուրաքանչյուր գրքից էլ կարելի է սովորել որևէ դրական բան:

 

-   Քո ընթերցած գրքերից ո՞րն է ամենատպավորիչը, ո՞ր գիրքն է, որ 2-րդ անգամ կընթերցես։

 

- Ընթերցելիս ինձ համար ամենահաճելին այն է, որ հանդիպում եմ հեղինակի այնպիսի մտքերի, որոնք կարծես թե արտատպված լինեն սեփական մտքերիցս: Սրանից ելնելով` կնշեմ Է․ Մ․ Ռեմարկի «Հաղթական կամարը» գիրքը՝ չնայած որ կարելի էր շատերին հիշատակել: Իսկ գիրքը, որը կարելի է անվերջ կարդալ, մեր Սուրբ գիրքն է` Աստվածաշունչը:

  

-    Ինչի՞ մասին ես երազում կյանքիդ  այս շրջանում:

 

-   Մտքերն իրականանալու հատկություն ունեն գաղափարով ոգեշնչվելով` երազում եմ ամեն օր․ հարցին կխուսափեմ պատասխանելուց, քանի որ, իմ կարծիքով, երազանքները չեն բարձրաձայնում, իսկ նպատակս այս պահին բուհը հաջողությամբ ավարտելն է:

 

-  Խոսենք նախասիրություններից ի՞նչն է, որ մի քանի ժամով քեզ կտրում է իրական կյանքից։

 

-  Ընթերցելը:

 

-  Ոստիկանական համակարգն ուժային կառույց է: Կին, ոստիկան այս հակասություններն ինչպե՞ս ես կարգավորում:

 

- Կին և ոստիկան հասկացությունները բացարձակ ոչ մի հակասության մեջ չեն գտնվում: Սեռը բացարձակ նշանակություն չունի ուժային կառույցում պատշաճ  ծառայություն իրականացնելու տեսանկյունից, տարբերությունը զուտ ֆիզիկական ուժի գործադրման հնարավորությունների մակարդակում է, ինչը կոմպենսացվում է այլ միջոցների գործադրմամբ: Հետևաբար, մասնագիտական հարուստ գիտելիքներով օժտված ծառայողը, անկախ սեռից, իրական հնարավորություն ունի դիմադրելու ծառայության ընթացքում առաջացած ցանկացած մարտահրավերի և հաղթահարելու  ցանկացած խոչընդոտ: Այլ է խնդիրը, որ ոստիկանությունում ծառայության պետք է անցնեն կամային հատկանիշներով օժտված անձինք:

                                                                

-  Ինչպե ՞ս ընտրեցիր այս մասնագիտությունը:

 

-  Ինձ համար մանկուց գրավիչ է եղել այս մասնագիտությունը, սակայն  որոշումս վերջնականապես ամրապնդվել է հարազատներիս, ընկերներիս խորհրդով, որոնց երախտապարտ եմ:

 

-  Ուսանողական տարիներ. ինչպիսի՞ն է Կրթահամալիրում ուսանողական կյանքը:

 

-  Կրթահամալիրում ուսանողական կյանքը շատ հագեցած է, այստեղ մասնագիտական կարիերայի լավագույն ֆունդամենտ կարելի է ստեղծել:

 

- Ոստիկան /պարեկ/ մի քանի բառով բնութագրի՛ր՝ ի՞նչ է քեզ համար այն։

 

Ոստիկանն ինձ համար անվտանգություն է, ուժ է և, ի վերջո, պետականություն:

 

- Ինչպիսի՞ն պետք է լինի իրական ոստիկանի կերպարը։

 

-  Իրական ոստիկանը նախ և առաջ պետք է գիտակ լինի, ունենա բարձր իրավագիտկցություն, լինի ազնիվ, պատասխանատու, ցանկացած ոլորտում հասարակության յուրաքանչյուր անդամի համար դրսևորի օրինակելի վարքագիծ:

 

 -  Մի քանի բառով նկարագրի՛ր Կրթահամալիրի սովորողի կերպարը։

 

- Նախորդիվ ասվածը կրթահամալիրի սովորողին ևս վերաբերելի է, քանի որ նա նույնպես ոստիկանության ծառայող է:

 

-   Ո՞րն է ոստիկան դառնալու քո շարժառիթը:

 

-  Շարժառիթը մասնագիտական աճն ու զարգացումն է:

 

-   Եթե հնարավորություն տրվեր փոխելու մասնագիտությունդ, ի՞նչ կընտրեիր:

 

-   Նորից կընտրեի կրթահամալիրը կամ գուցե օդաչու դառնայի, վերջերս մտքեր առաջացել են:

 

-    Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց, ովքեր ցանկանում են ընտրել Կրթահամալիրը։

 

-   Եղեք համարձակ, անընդհատ զբաղվեք  ինքնակատարելագործմամբ․ կրթահամալիրը գնահատում է գիտելիքը:

 

-   Թեմա, որի շուրջ անդադար կխոսես:

 

- Թեման էական չէ, կախված է զրուցակցից կամ ունկնդիրներից, հաճելի միջավայրում անվերջ կարելի է խոսել նույնիսկ ամենաանհեթեթ թեմայով:

 

-   Ո՞րն է կյանքի շարժիչ ուժը քեզ համար։

 

-  Մոտիվացիան:

 

Բլից հարցեր

Պատասխանում ենք կարճ և արագ։

 

-   Երեք բառ, որով կբնորոշես ինքդ քեզ:

 

-  Բարյացակամ, պատասխանատու, պատվախնդիր:

 

 

-   Միտք, որն առաջինը ծագում է արթնանալիս:

 

-  Եվս մեկ հնարավորություն:

 

-   Օրն սկսում ես ժամը…

 

-   07:30-ից։


-   Սիրածդ աֆորիզմը:

 

-   Նա, ով գիտի «ինչու»-ն, կարող է հաղթահարել գրեթե ցանկացած «ինչպես»-ը:

 

-   Սիրելի զբաղմունքդ:

 

-  Լավ երաժշտություն լսելը:

 

-   Խորհուրդ, որը կտայիր։

 

- Մեր ճանապարհը նման է լեռ բարձրանալուն, յուրաքանչյուր թվացյալ անհաջողություն ընդունեք իբրև մարտահրավեր և նոր հնարավորությունների սկիզբ, թույլ մի՛ տվեք, որ աննշան քամիները և թեկուզև ծանր փոթորիկները խանգարեն ձեզ բարձրանալ, եղե՛ք համառ, հավատացե՛ք ինքներդ ձեզ, և ամեն բան կհաջողի:

-   Իսկ վերջում․․ (ավելացրու՛ այն, ինչ մտքովդ անցնում է այս պահին)։

Շնորհակալ եմ, որ մինչև վերջ հետևեցիր:

 

                                                                                       Հարցազրույցը վարեց

առաջատար մասնագետ

                                                                                      Լիանա  Սահակյանը