ԿՅԱՆՔԻՍ ՇԱՐԺԻՉ ՈՒԺԸ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՆՎԻՐՅԱԼ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ ՀԱՅՐՍ Է
«Կրթահամալիրի սովորողները» խորագրով նախագծի շրջանակներում այս անգամ զրուցել ենք ՀՀ ՆԳՆ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի սովորող Հասմիկ Ղանադյանի հետ։
- Ինչպիսի՞ ն էր փոքրիկ Հասմիկը․ երեք նախադասությամբ պատմի՛ր քո մասին
- Փոքրիկ Հասմիկին ես համեմատում եմ չարաճճի առվակի հետ՝ արևի շողերի ներքո, որն արտահայտվում էր նրա կապույտ աչքերում, ոսկեծամ մազերում և մետաքսյա մաշկում։ Մշտապես փայլփլուն հագուստով էր Հասմիկը, իմպուլսիվ, չարաճճի և սիրված բոլորի կողմից… Այսպիսինն էր փոքրիկ Հասմիկն իր դաստիարակչուհու աչքերով։
- Դրվագներ, որ տպավորվել են մանկության տարիներից:
- Օ՜օ՜օ՜, չարաճճի լինելու հետ մեկտեղ ես շատ հետաքրքրասեր եմ եղել, իհարկե, դա իմ ընտանիքին շատ հաճախ անհարմարություն էր պատճառում։
Ուզում եմ մի պատմություն պատմել. տատիկս նոր մկրատ էր գնել, և ինձ հետաքրքիր էր նրա սրությունը, գաղտագողի մտա տատիկի սենյակ և նրա նոր գնած զգեստի վրա փորձեցի մկրատի սրությունը․ սու՛ր էր, ավելի սուր էին իմ էմոցիաները։ Հաջորդ օրը տատիկս հագել էր իր նոր զգեստը և գնացել աշխատանքի։ Չեմ ուզում շարունակել մնացածը…
- Կպատմե՞ս դպրոցական տարիներից:
Դպրոցական տարիների ընթացքում հետաքրքրություններս չմարեցին, այլ տեղափոխվեցին այլ դաշտ։ Դպրոցական տասներկու տարիներին ունեցել եմ գերազանց առաջադիմություն, որով պայմանավորված՝ ՀՀ նախագահի կողմից հրավիրվել եմ նախագահական նստավայր, մասնակցել եմ մի շարք միջոցառումների, մրցույթների և կամավորական աշխատանքների։
- «Փոքրիկ իշխան»․ Անտուան դը Սենտ-Էքզյուպերի․․․Ինչպիսի՞ն է քո ստեղծած այլ մոլորակը։
- Իմ մոլորակը լուսավոր է՝ խաղաղ ապագայի խոստումով։
- Ի՞նչ ես կարծում, կա՞ն վատ գրքեր։
- Ըստ իս, չկան վատ գրքեր, կան չհաջողված գրքեր։
- Քո ընթերցած գրքերից ո՞րն է ամենատպավորիչը։
- Միխայիլ Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան»… Չարի և բարու, կեղծ ու ճշմարիտ բարոյականության հարցերն առաջադրած այս փիլիսոփայական ինքնատիպ երկն ամեն անգամ վերընթերցելիս մտահորիզոնս փոփվում է, և նոր հարցեր են առաջ գալիս։
- Ինչի՞ մասին ես երազում կյանքիդ այս շրջանում։
- Չէի ցանկանա խոսել երազանքներիս մասին…Բայց բոլորին խորհուրդ եմ տալիս երազել։
- Խոսենք նախասիրություններից․ ի՞նչն է, որ մի քանի ժամով քեզ կտրում է իրական կյանքից։
- Նախասիրություններիցս են ֆիլմ դիտելը, նոր վայրեր հաճախելը։
- Ինչպե ՞ս ընտրեցիր այս մասնագիտությունը:
Դեռ վաղ հասակից ծնողներիս հետ որոշել էինք մասնագիտական կողմնորոշումս, իսկ Կրթահամալիրի ընտրությունն իմ գիտակից կյանքի առաջին ինքնուրույն որոշումն է։
- Ինչպիսի՞ն է Կրթահամալիրում ուսանողական կյանքը:
- Ինձ համար Կրթահամալիրում ուսանողական տարիներն անցան շատ բուռն, այն ուսուցողական էր թե՛ կրթական բնագավառում, թե՛ մարդկային փոխհարաբերություններում։
- Մի քանի բառով նկարագրի՛ր Կրթահամալիրի սովորողի կերպարը։
- Ըստ իս, Կրթահամալիրի սովորողի կերպարն առանձնանում է մնացյալից՝ իր զգոնությամբ, պատասխանատվությամբ, կարգապահությամբ, անաչառությամբ։
- Եթե հնարավորություն տրվեր փոխելու մասնագիտությունդ, ի՞նչ կընտրեիր:
- Եթե ոչ իրավաբան, ապա՝ զինվորական։
- Թեմա, որի շուրջ անդադար կխոսես:
- Հայրենիքին ու պետությանը վերաբերելի ցանկացած թեմայի շուրջ կարող եմ անդադար խոսել՝ ունենալով իմ տեսակետը և խնդիրների լուծման ուրույն մոտեցումը։ Իսկ իմ նախապատվելի թեման քաղաքականությունն է։
- Ո՞րն է կյանքի շարժիչ ուժը քեզ համար։
- Հայրենիքին նվիրյալ ազատամարտիկ հայրս։
Բլից հարցեր
Պատասխանում ենք կարճ և արագ։
- Երեք բառ, որով կբնորոշես ինքդ քեզ:
- Խորամիտ, կենսախինդ, նպատակասլաց։
- Միտք, որն առաջինը ծագում է արթնանալիս:
- Շնորհակալ եմ…
- Օրն սկսում ես ժամը…
- 06:00-ին։
- Սիրածդ աֆորիզմը:
- Ինչպես առակները, կյանքը նույնպես գնահատվում է ոչ թե երկարությամբ, այլ բովանդակությամբ։
- Սիրելի զբաղմունքդ:
- Աշնան մթնշաղին զբոսնելը։
- Խորհուրդ, որը կտայիր։
- Ինչ էլ որ դուք անեք կյանքում, աննշան կլինի, բայց չափազանց կարևոր է, որ դուք դա անեք։
- Իսկ վերջում․․․ (ավելացրու՛ այն, ինչ մտքովդ անցնում է այս պահին)
Շնորհակալություն։
Հարցազրույցը վարեց
առաջատար մասնագետ
Լիանա Սահակյանը