Աշխատանքային քննարկում՝ նվիրված ՆԳՆ կրթահամալիրում միջազգային համագործակցության ընձեռած հնարավորություններին

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում շարունակվում են ղեկավար կազմի հանդիպումները՝ ուղղված կրթական և գիտահետազոտական գործունեության զարգացման նոր ուղիների որոնմանը։ Սույն թվականի մարտի 20-ին կայացած հերթական հանդիպումը նվիրված էրկրթահամալիրի փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման կրթական գործընթացներում միջազգային համագործակցության հնարավորություններին և դրանց կիրառման ուղղություններին։
Քննարկման ընթացքում կրթահամալիրի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մ. Մուրադյանը կարևորել է միջազգային համագործակցության դերը ինչպես աղետների ռիսկի կառավարման ոլորտում գիտելիքի և փորձի փոխանակման տեսանկյունից, այնպես էլ կրթական ծրագրերի արդիականացման ու ուսումնական մոդուլների ընդլայնման առումով։ Հատուկ շեշտադրվել է միջազգային գործընկեր կառույցների հետ համակարգված համագործակցության միջոցով կրթահամալիրի ուսանողներին ժամանակակից, ոլորտային պահանջներին համապատասխան կրթական միջավայր ապահովելու անհրաժեշտությունը։
Հանդիպման բանախոսը՝ միջազգային համագործակցության հարցերով պրոռեկտոր Արմինե Հայրապետյանը, ներկայացրել է համաշխարհային կառույցների՝ աղետների ռիսկի նվազեցման և կառավարման ուղղությամբ իրականացվող ծրագրերի շրջանակները՝ ընդգծելով դրանց կիրառելիությունը կրթահամալիրի ծրագրերում։ Շեշտվել են համատեղ նախագծերին մասնակցելու, փորձի փոխանակման և կրթահամալիրի ներգրավման հնարավորությունները ինչպես ՄԱԿ-ի, այնպես էլ ԵՄ հումանիտար և բնակչության պաշտպանության նախաձեռնությունների համատեքստում։
Քննարկման ընթացքում նշվել է, որ նման համագործակցությունը կարող է նպաստել ոչ միայն դասավանդման մեթոդաբանության արդիականացմանը, այլև գիտահետազոտական ծրագրերի մշակմանն ու միջազգային հետազոտական ցանցերում ներգրավմանը։ Մասնակիցներն ընդգծել են կրթահամալիրի կարողությունները՝ միտված հետազոտական գործունեության ընդլայնմանը, ինչպես նաև միջազգային վարժանքների և վերապատրաստումների միջոցով ուսումնական գործընթացի ամրապնդմանը։
Հանդիպման ավարտին կարևորվել է շարունակական համագործակցությունը միջազգային կառույցների հետ՝ կրթահամալիրի ռազմավարական նպատակներին համահունչ կապերի խորացման, գիտակրթական միջավայրի ինտեգրման և արդիականացման նպատակով։ Առաջարկվել է նաև ձևավորել մշտական համագործակցային հարթակ՝ միջազգային լավագույն փորձի ներգրավման և կիրառման համակարգված զարգացման համար։