ՀՈՐՍ ՀԵՏՔԵՐՈՎ՝ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԵՎ ՈՒՍԱԴԻՐ ԿՐԵԼՈՒ ԲԱՐՁՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ
Կրթահամալիրի սովորողները» խորագրով նախագծի շրջանակներում այս անգամ զրուցել ենք ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի առկա անվճար ուսուցման 3-րդ կուրսի սովորող, ոստիկանության սերժանտ Անի Գրիգորյանի հետ։
- Ինչպիսի՞ ն էր փոքրիկ Անին:
- Փոքրիկ Անին ամաչկոտ, նեղացկոտ ու ժպտերես մի աղջնակ էր: Անվանս բացատրությունը կապված է հայոց միջնադարյան քաղաքամայր Անիի հետ:
- Դրվագներ, որ տպավորվել են մանկության տարիներից, որո՞նք էին մանկությանդ տարիների խաղերը։
- Մանկությունս շատ հետաքրքիր է անցել․ մինչ երեկո տեղի ունեցող բակային խաղերը, կոնֆետի թղթերով կազմակերպվող ճամբարային միջոցառումները․․․
- Կպատմե՞ս դպրոցական տարիներից:
- Դպրոցական տարիներն ամենաանհոգ և երջանիկ տարիներն էին, և ամեն անգամ հիշելիս դրական լիցքեր են արթնանում: Այնտեղ ես թողեցի իմ առաջին քայլերը, սիրելի դասընկերներիս, իմ նստարանը ու սրտումս պահեցի դպրոցական հուշերը:
- «Փոքրիկ իշխան»․ Անտուան դը Սենտ-Էքզյուպերի․․․ Ինչպիսի՞ն է քո ստեղծած այլ մոլորակը։
- Այն մոլորակը, որը ես եմ ստեղծում, դեռ չի հասել իր ավարտին․ բայց և շատ իրական է:
- Ի՞նչ եք կարծում, կա՞ն վատ գրքեր։
- Չկան վատ գրքեր, ուղղակի մարդկանց աշխարհընկալումն է տարբեր:
- Քո ընթերցած գրքերից ո՞րն է ամենատպավորիչը, որ 2-րդ անգամ կընթերցես։
- «Դեկամերոն»-ն իտալացի գրող Ջովաննի Բոկաչչոյի 100 նովելների հավաքածուն է՝ վաղ իտալական Վերածննդի ամենահայտնի գրքերից մեկը։ Այս գրքի նովելների մեծ մասը նվիրված է սիրուն` սկսած նրա սիրային և ավարտած ողբերգական կողմերով։ Կարծում եմ՝ մեծ հաճույքով ևս մեկ անգամ կվերընթերցեի:
- Ինչի՞ մասին ես երազում կյանքիդ այս շրջանում։
- Ըստ արժանվույն ավարտել կրթահամալիրը:
- Խոսենք նախասիրություններից․ ի՞նչն է, որ մի քանի ժամով քեզ կտրում է իրական կյանքից։
- Նախասիրություններ շատ ունեմ, հատկապես ֆիլմ դիտելը, նկարելը( որն այդքան էլ չի ստացվում): Կարծում եմ՝ այն, ինչ ինձ ստիպում է կտրվել իրական կյանքից, ֆիլմ դիտելն է:
- Ոստիկանական համակարգն ուժային կառույց է: Կին, ոստիկան․ այս հակասություններն ինչպե՞ս ես կարգավորում:
- Ոստիկանության համակարգում կնոջ դերն իր ուրույն նշանակությունն ունի: Ի վերջո, եկե՛ք փաստենք, որ ոստիկանություն-հասարակություն փոխհարաբերություններում վստահության գերակշիռ մասն ստեղծվում է հենց կին ծառայողների կողմից: Ցավոք, շրջապատում բոլորը չէ, որ ընդունում են կին ոստիկանին: Փորձում եմ կին ոստիկանի այնպիսի օրինակ լինել, որի թե՛ կեցվածքի, թե՛ վարվելաձևին նայելիս մարդիկ ավելի շատ ընդունեն ու վստահեն ոստիկանին:
- Ինչպե ՞ս ընտրեցիր այս մասնագիտությունը:
- Մասնագիտության ընտրության հարցում գուցե նշանակություն ունի գենետիկան, քանի որ հայրս էլ է եղել այս ոլորտի մարդ: Իսկ մեծանալով՝ հասկացա, որ ինձ այլ ոլորտում չեմ պատկերացնում և իմ առջև դրեցի նպատակ՝ սովորել այս մասնագիտությունը և դրանում դրսևորել ինձ առավելագույնս:
- Ուսանողական տարիներ. ինչպիսի՞ն է Կրթահամալիրում ուսանողական կյանքը:
- Արդեն 3 տարի է, ինչ սովորում եմ կրթահամալիրում․ այն զարմանահրաշ աշխարհ է, որի դուռը պետք է բացել և ապրել ամեն մի վայրկյանը:
- Ոստիկան․ մի քանի բառով բնութագրի՛ր՝ ինչ է քեզ համար այն։
- Համառություն, խիզախություն, կոկիկություն։
- Ինչպիսի՞ն պետք է լինի իրական ոստիկանի կերպարը։
- Օրենքը կրող և պահող, արդարամիտ:
- Մի քանի բառով նկարագրի՛ր Կրթահամալիրի սովորողի կերպարը։
Կրթահամալիրի սովորողը պետք է լինի կարգապահ, ձգտող, կարողանա գնահատել համազգեստ ու ուսադիր կրելու բարձր պատասխանատվությունը, պատվով կատարի իր առջև դրված պարտականությունները:
- Ո՞րն է ոստիկան դառնալու քո շարժառիթը:
- Հայրենիքիս համար պիտանի մարդ լինելու ձգտումը:
- Եթե հնարավորություն տրվեր փոխելու մասնագիտությունը, ի՞նչ կընտրեիր:
- Երևի կընտրեի պատմաբանի մասնագիտությունը:
- Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց, ովքեր ցանկանում են ընտրել Կրթահամալիրը։
- Ոստիկանի մասնագիտությունը լուրջ մասնագիտություն է և միաժամանակ շատ հետաքրքիր: Այնպես որ, պետք է երկար մտածել, նոր քայլեր ձեռնարկել:
- Թեմա, որի շուրջ անդադար կխոսես:
- Թեման այդքան էլ կարևոր չէ, եթե զրուցակիցը հետաքրքիր անձ է:
- Ո՞րն է կյանքի շարժիչ ուժը քեզ համար։
- Կարելի է ասել՝ ես ինքս եմ ինձ համար ստեղծում, դա օգնում է դառնալ ավելի ինքնուրույն:
Բլից հարցեր
Պատասխանում ենք կարճ և արագ։
- Երեք բառ, որով կբնորոշես ինքդ քեզ:
- Իրատես, պարզ, աշխատասեր։
- Միտք, որն առաջինը ծագում է արթնանալիս:
- Օրն սկսել արդյունավետ:
- Օրն սկսում ես ժամը…
- 06: 00-ից։
- Սիրածդ աֆորիզմը:
- Խիղճը պատժում է հաճախ նույնիսկ այնտեղ, որտեղ օրենքը դա չի անում:
- Սիրելի զբաղմունքդ:
- Մեդիտացիա։
- Խորհուրդ, որը կտայիր։
- Չվախենալ փորձություններից:
- Իսկ վերջում․․․ (ավելացրու՛ այն, ինչ մտքովդ անցնում է այս պահին)
Ես սիրում եմ կյանքը, իսկ կյանքը՝ ինձ:
Հարցազրույցը վարեց
առաջատար մասնագետ
Լիանա Սահակյանը